Միտումնավոր խեղաթյուրո՞ւմ, թե՞ պարզապես ստրկամտություն

Ակնհայտ է, որ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների մշակութային բաժինը, անցյալ տարիների հետ համեմատած, կրում էր ազգային և հայրենասիրական լիցքեր: Շրջաններում կազմակերպված միջոցառումներին և փետրվարի 20-ին երիտասարդական պալատում կազմակերպված համերգին հնչեցին միայն ազգային և հայրենասիրական երգեր, և, ինչը պակաս կարևոր չէ, բոլոր ելույթները հնչեցին ՀԱՅԵՐԵՆ:

Դեռևս չենք մոռացել ազգային մեծ նշանակություն ունեցող հոբելյանների տոնակատարության առիթով Ռուսաստանից և Ուկրաինայից հրավիրված երգիչներին, պարային համույթներին ու դերասաններին: Մի երևույթ, որը միշտ դատապարտվել է, սակայն ամեն անգամ էլ կրկնվել: Վերջապես, ազգային տոնը պետք է փոխանցի նաև ազգային շունչ ու ոգի: Դա տեղի ունեցավ այս տարի:

Սակայն կա մի բայց…

Մոտ անցյալում «բարի» սովորություն էր՝ եթե ազգային նշանակություն ունեցող ինչ-որ իրադարձության մեջ գլխավոր դերակատարություն ուներ Դաշնակցությունը, դրանից մի քանի օր առաջ կամ հետո անպայման Հայաստանի, ինչու չէ, նաև Արցախի հեռուստատեսային տարբեր ալիքների միջոցով սփռվում էին խորհրդային օրերից ժառանգություն ստացած հակադաշնակցական, բոլշևիկյան ֆիլմեր՝ «Սարոյան եղբայրներ», «Նվագախմբի տղաները»…

Տարիներ առաջ Արցախյան շարժմանը նվիրված՝ Հադրութում կազմակերպվեց մի միջոցառում, որտեղ դպրոցական աշակերտների՝ «սարերից իջան մի խումբ ձիավոր» երգի կատարման ժամանակ համերգի կազմակերպիչը նկատողություն ստացավ վարչակազմի ղեկավարի կողմից՝ դաշնակցական երգեր հնչեցնելու մեղադրանքով: Դե, հասկանալի է, դեռևս տիրում էր մի մթնոլորտ, որտեղ պետական պաշտոնյաները յուրաքանչյուր քայլի համար հաշվարկներ էին անում՝ ելնելով 2005թ. ընտրություններից, Դաշնակցության ընդդիմադիր կեցվածքից և … :

Ինչ-որ տեղ իրավացի է Հադրութի շրջանի այն ժամանակվա ղեկավարը: Հայրենասիրական և մարտական շունչ փոխանցող ազգային երգերը Դաշնակցություն պարունակող հոգեկան իրավիճակ են ստեղծում: Դեռ ավելին, հայրենասիրական, մարտական երգերից շատերի մեջ հիշատակվում է Դաշնակցությունը, և դա անհանգստացնում է որոշներին: Համատարած երևույթ է, որ նշված երգերն աղավաղելով, այսպես թե այնպես կատարումների ժամանակ հանվում է «Դաշնակցություն» բառը և փոխարինվում այլ բառակապակցությամբ: Ինչպես, օրինակ, մեզ շատ հայտնի երգի «արյունոտ դրոշ վեհ Դաշնակցության» տողը փոխարինվում է «արյունոտ դրոշ վեհ ազգ հայության» տողով, կամ՝ ուղղակի մոռացվում է Դաշնակցությանը վերաբերող բաժինը:

Պետք է խոստովանել, որ Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ փետրվարի 20-ին Ստեփանակերտում կազմակերպված գլխավոր միջոցառմանը հնչեցրած ելույթներում չկատարվեցին վերը նշված խեղաթյուրումները: Սակայն նույն իրավիճակը չէր շրջանների միջոցառումներում: Շրջանների մշակութային միջոցառումների պատասխանատուները դեռևս «ներքին վախով» են տառապում: Անշուշտ, դրա վրա առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի ԱՀ մշակույթի նախարարությունը: Վերջապես պետք է մեկ անգամ ևս ոչ միայն հիշեցնել, այլ նաև պարտավորեցնել, որ պատմությանը նայեն անաչառ հայացքով:

Բայց, այնուամենայնիվ, նյութի ավարտին մեր կողմից հիշեցնենք մի քանի պարզ պատմական անհերքելի իրողություններ՝ շտկումների ակնկալիքով:

… Օսմանյան և ցարական բռնակալության դեմ, 1890-ական թվականներից սկսած, հայ իրականության մեջ հիմնականում պայքարել է Դաշնակցությունը, և բնական է, որ բռնակալության դեմ պարզված դրոշը՝ Դաշնակցության դրոշը արյունոտ լինի: Դրա համար պետք է երգել՝

«Արյունոտ դրոշ վեհ Դաշնակցության,

Ծածանվեց ընդդեմ բռնակալության»:

…. Թալեաթը մահապատժի ենթարկվեց ՀՅԴ որոշումով, որը կայացվել էր 1919-ի ՀՅԴ Ընդհանուր ժողովում, իսկ դա իրականացվեց մի խումբ դաշնակցականների միջոցով, իսկ բուն գործողությունն իրականացրեց Սողոմոն Թեհլերյանը: Ուրեմն, պետք է երգենք՝

«Դաշնակցություն ժողով արեց,

Շուն Թալեաթին մահ որոշեց,

Թեհլերյանի բախտը բացվեց…»:

…Եվ, վերջապես, Դաշնակցությունը կանգնած է Արցախյան ազատագրական շարժման ակունքներում: Դաշնակցական էին Արթուր Մկրտչյանը, Տողի Վիգենը, Արմենչոն, Մարտունու Մերուժը, Աշոտ Բեկորը, Նորայր Դանիելյանը, Վարդան Դուշմանը, Պետոն, Կարոտը, Թաթուլ Կրպեյանը, Շահեն Մեղրյանը, Շոշի Ագոն, Մհեր Ջուլհաճյանը, Վիգեն Զաքարյանը և ավելի քան հազար գաղափարակիր ընկերներ, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն գաղափարի…: Այս մասին հարկավոր է հիշեցնել վերոնշյալ անձանց նվիրված միջոցառումները կազմակերպող՝ ԱՀ բանակի պատասխանատու անձանց ևս:

Իրոք, վիրավորական է, երբ այդ հերոսներին նվիրված երգերում անտեսվում է նրանց գաղափարը կրող փարոսը: Ուրեմն, Կարոտին նվիրված երգը պետք է երգել՝

«Նրանց թվում գնաց կռվի դաշտն արնոտ,

Դաշնակցական խենթն էր՝ անունը Կարոտ…»

Աղբյուրը՝ «ԱՊԱՌԱԺ»։

Source: Yerkir Media
Link: Միտումնավոր խեղաթյուրո՞ւմ, թե՞ պարզապես ստրկամտություն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image