«Մտածում եմ մաս կազմել». կիպրոսահայ երգիչը ուզում է մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլին

August 20, 2016

Կիպրոսի հայ համայնքում մեծացած երգիչ Գոռ Մելյանի մասին Հայաստանում գուցե շատերը չգիտեն: Սակայն 29 ամյա երգիչը Կիպրոսում արդեն հասցրել է բավական մեծ ճանաչում ձեռք բերել: Տեսահոլովակները ցուցադրվում են Կիպրոսի մի շարք հեռուստաալիքներով, իսկ երգերի մեծ մասի հեղինակը ինքն է:

«Ծնվել եմ 1997 թվականին Երեւանում, երաժիշտների ընտանիքում: Այս վերջին 22 տարին ապրում եմ Կիպրոսում: Հայաստանից գնացինք 1991 թվականին: Երեք տարի ապրեցինք Մոսկվայում, դրանից հետո տեղափոխվեցինք Կիպրոս»,- պատմում է Գոռը:

Նա սկսել է երգել երեք տարեկանից: 15 տարեկանից արդեն երգեր էր գրում: Այսօր ունի իր սեփական ստուդիան եւ հոլիվուդյան մի շարք կազմակերպություններից համագործակցության առաջարկներ է ստացել: Գլխավոր ուսուցիչը մայրն է, ով դասական երգչուհի եւ դաշնակահարուհի է, արդեն 21 տարի դասավանդում է Կիպրոսի Եվրոպական կոնսերվարտորիայում:

«Գոռին ես եմ սովորեցրել երգել, նվագել: Շատ հպարտ եմ իմ տղայով, իր հետ մեծ հույսեր եմ կապում: Ուրախ եմ, որ եկել ենք Հայաստան, եւ Հայաստանի հետ եմ կապում իր ապագան»,- նշում է Գոռի մայրը՝ Զառա Բարխուդարյանը:

Թեեւ երիտասարդ երգիչը չի սիրում խոսել ապագա ծրագրերի մասին, սակայն անցյալի հաջողություններով կիսվեց մեզ հետ:

«1997 թվականին ես, քույրիկս եւ մեր մտերմուհին զբաղեցրեցինք առաջին տեղը Կատակլիզմոս անունով երգի մրցույթում: 2000 թվականին նույն մրցույթում զբաղեցրեցի երկրորդ տեղը: 2009 թվականին իմ հեղինակած երգը գրավել է է երրորդ տեղը Եվրատեսիլի Կիպրոսի նախընտրական փուլում: Դրանից հետո ինձ հրավիրեցին, որ ներկայացնեմ Կիպրոսը Malta International Hit Song մրցույթում: Իսկ անցած տարի Եվրատեսիլի ժամանակ եղել եմ Կիպրոսի ժյուրիի անդամներից մեկը»,- պատմում  է Գոռ Մելյանը:

Գոռի ոգեշնչման աղբյուրը կյանքն է՝  իր լավ եւ վատ կողմերով: Ասում է՝ մշտապես սիրահարված է կյանքին: Թերեւս դա է պատճառը, որ նրա երգերի հիմնական թեման սերն է: Ստեղծագործում է անգլերենով, բայց շատ է ուզում գրել նաեւ հայերեն երգեր:

Կիպրոսահայ երգիչը վերջին անգամ Հայաստանում 11 տարի առաջ է եղել: Այս անգամ անչափ ուրախացել է՝ տեսնելով հայրենիքն էլ ավելի գեղեցկացած: Չնայած եկել է հանգստանալու նպատակով, սակայն, առիթից օգտվելով, որոշել է զբաղվել նաեւ մասնագիտական հարցերով. նոր երգ է ձայնագրում, պատրաստվում է համերգ ունենալ երեւանյան ակումբներից մեկում:

Այցելել է նաեւ Սփյուռքի նախարարություն՝ տեղեկանալու Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու կանոներին:

«Մտածում եմ մաս կազմել: Եթե ժամանակի մեջ տեղավորվեմ, սեպտեմբերին կմասնակցեմ առաջին փուլին»,- նշումը է երգիչը:

Գոռի կյանքի կարգախոսը պատկերված է իր շապիկին. «Մի′ մեծանա, դա թակարդ է»: Ըստ նրա` մարդ միշտ պետք է ինչ-որ չափով մանուկ մնա: Կյանքում, հանգամանքներից ելնելով, աշխատել է տարբեր ոլորտներում, սակայն միշտ վստահ է եղել, որ իր գործը երգելն է:

«Հաղորդավար եմ աշխատել, մատուցող եւ այլն: Բայց ուզում եմ մարդկանց խորհուրդ տալ, որ իրենց սիրած գործը դարձնեն մասնագիտություն: Որովհետեւ մենակ այդպես մարդ արարածը կարող է լինել ուրախ եւ երջանիկ»,- նշում է Գոռ Մելյանը:


Source: Yerkir Media
Link: «Մտածում եմ մաս կազմել». կիպրոսահայ երգիչը ուզում է մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image