Շատ չխմեք, մեքենաները լավ կվարեք. ԿԳ նախարարի ողջույնի խոսքը շրջանավարտներին

May 24, 2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզից իր ողջույնի և շնորհավորանքի խոսքն է հղել շրջանավարտներին: Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքով ուղիղ հեռարձակմամբ շնորհավորել է աշակերտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:

«Սիրելի աշակերտներ, գիտեմ, որ Վերջին զանգին շատ եք սպասում: Ցավոք, նախարարի պաշտոնում առաջին վերջին զանգի միջոցառմանը չեմ կարող ներկա գտնվել, որովհետև Փարիզում եմ: Այստեղ տեղի է ունենում Բոլոնիայի գործընթացի մասնակից երկրների կրթության նախարարների գագաթաժողովը: Ցանկանում եմ մաղթել, որ լավ օր ունենաք, ուրախ անցկացնեք միջոցառումները թե դպրոցներում, թե դրանցից դուրս»,- նշեց Հարությունյանը: Նա հայտնեց, որ տեղյակ է Վերջին զանգի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներից՝ համոզմունք հայտնելով, որ շրջանավարտներն ակտիվ կմասնակցեն դրանց:

«Ուրախացեք, վայելեք ձեր օրը, սակայն ալկոհոլ քիչ կօգտագործեք, ավտոմեքենաները ճիշտ կվարեք, որովհետև պետք չէ այդ գեղեցիկ օրն ինչ-ինչ միջադեպերով մթագնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ առաջիկայում ավելի լուրջ իրադարձություններ են սպասվում, մասնավորապես, ընդունելության քննությունները: Նախարարը նկատեց, որ երկրում տիրող փոփոխությունների համատեքստում երիտասարդները ևս պատասխանատվություն ունեն:

«Ունեք պատասխանատվություն սովորելու, փոխվելու, կրթվելու, որովհետև ապագա պաշտոնյաներն եք, տարբեր մասնագիտություններ կրողներն եք»,-հավելել է նախարարը:

Հայաստանի դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին:

Source: Yerkir Media
Link: Շատ չխմեք, մեքենաները լավ կվարեք. ԿԳ նախարարի ողջույնի խոսքը շրջանավարտներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image