Շարմազանովի համար անհասկանալի է՝ ինչու Հովիկ Աբրահամյանը որոշեց լքել ՀՀԿ-ն

January 26, 2017

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀԿ-ն լքելու Հովիկ Աբրահամյանի որոշմանը: ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ դա եղել է բացառապես Հովիկ Աբրահամյանի որոշումը:

«Յուրաքանչյուր գործիչ, այդ թվում նաև մեր նախկին կուսակից ընկերոջ իրավունքն է չմնալ Հանրապետականում, չմնալ կուսակցությունում»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Հովիկ Աբրահամյանի հեռանալով ՀՀԿ-ն չի թուլացել: Շարմազանովի կարծիքով՝ ՀՀԿ-ն հիմա ավելի ուժեղ և վճռական է:

«Նախագահի գլխավորությամբ մենք համախմբված գնալու ենք ապրիլի ընտրություններին: Հանրապետականը գնալու է իր ծրագրերի իրականացման ճանապարհով»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն ընդգծեց, որ իրենք ոչ նախկինում, ոչ հիմա որևէ անձի դեմ չեն պայքարել:

«Մեր խնդիրները երևույթներն են, մենք ակնկալում ենք բոլոր մեր կուսակից ընկերներից համախմբված աշխատանք, իսկ մեր ընդդիմադիր գործընկերներից քաղաքական մշակույթին համապատասխան մրցապայքար»,- ասաց նա:

Նրա համար անհասկանալի է մնացել, թե ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը որոշել լքել ՀՀԿ-ն: Շարմազանովն ընդգծեց, որ կարդացել է Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը և այնտեղ որևէ քաղաքական դրդապատճառ չի գտել:

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ՝ քաղաքականության մեջ որոշումներ կայացնելիս պետք է ներկայացնի քաղաքական հիմնավորումներ: Ես խնդրում եմ սա չանձնավորել, սա վերաբերվում է բոլորին: Ես այդ գրառման մեջ քաղաքական հիմնավորում չեմ տեսել, եթե դուք տեսել եք, կարող եք ինձ ցույց տալ»,- ասաց նա՝ հավելելով, որ կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում Հովիկ Աբրահամյանի որոշումը չեն քննարկել, պարզապես հարգել են այն:

Նա անդրադարձավ նաև Մհեր Սեդրակյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին խոսակցություններին:

«Մհեր Սեդրակյանը, կարծում եմ, երբ գա ժամանակը, կխոսի այդ մասին: Դուք կարող եք իրեն զանգահարել հարցնել»,- ասաց նա:

ՀՀԿ ընտրական ցուցակին վերաբերող տեղեկություն Շարմազանովը լրագրողներին չի ներկայացրել: Ասել է, որ այն դեռեւս քննարկման փուլում է:


Source: Yerkir Media
Link: Շարմազանովի համար անհասկանալի է՝ ինչու Հովիկ Աբրահամյանը որոշեց լքել ՀՀԿ-ն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image