Շարմազանով․ Լավրովի հայտարարությունը հստակ ուղերձ էր Բաքվին

November 21, 2017

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կայացած ասուլիսի ընթացքում հստակ ուղերձ հղեց Բաքվին առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր սկզբունքները պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթի մեջ և չի կարելի դրանց մի մասն առանձնացնել ու խոսել բացառապես դրա մասին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք գիտենք, որ Ադրբեջանն է մշտապես առանձնացնում տարածքային ամբողջականության սկզբունքը և խոսում միայն հակամարտությունը տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում կարգավորելու մասին: Սերգեյ Լավրովը փաստեց, որ այդ երեք սկզբունքները պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթի մեջ: Այսինքն, ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ ինքնորոշման իրավունքն անքակտելի սկզբունք է, և առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ամբողջական իրացման կարգավորումն անհնար է»,- ընդգծեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորեց նաև Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները ընդհանուր առմամբ նույն դիրքորոշումն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ չնայած ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ոչ այնքան հարթ հարաբերություններին:

Մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որ անհապաղ պետք է կյանքի կոչվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և ժնևյան պայմանավորվածությունները՝ Շարմազանովը շեշտեց, որ դա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանը չի փոխել իր դիրքորոշումը և կողմնակից է խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով:

Source: Yerkir Media
Link: Շարմազանով․ Լավրովի հայտարարությունը հստակ ուղերձ էր Բաքվին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image