Ուզբեկստանի նախագահը հիվանդանոցում է

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը գտնվում է հիվանդանոցում: Այդ մասին ասված է Ուզբեկստանի կառավարության պաշտոնական հայտարարության մեջ:

«Մասնագետների կարծիքով՝ ամբողջական բժշկական հետազոտությունը եւ հետագա բուժումը որոշակի ժամանակ կպահանջի»,- նշվում է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ:

Պաշտոնական աղբյուրները չեն նշում, թե ինչի համար է Ուզբեկստանի նախագահին բուժօգնություն պահանջվել: Սովորաբար Քարիմովի առողջական վիճակի մասին նրա գլխավորած երկրում պաշտոնական հայտարարություններ չեն արվում: Մինչ այժմ այդ մասին հայտնում էին միայն արտասահմանյան ԶԼՄ-ները, գրում Է BBC-ն:

Իսլամ Քարիմովն Ուզբեկստանը գլխավորել է 1989 թվականին՝ զբաղեցնելով Ուզբեկստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը: Նա երկրի նախագահ է ընտրվել 1990 թվականի մարտի 24-ին Ուզբեկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի նստաշրջանում:

Ավելի ուշ նա հաղթանակ է տարել 1991 թվականի համաժողովրդական ընտրություններում եւ այն ժամանակվանից անփոփոխ կերպով զբաղեցնում է նախագահի պաշտոնը: 2002 թվականի փետրվարի 27-ին կայացած հանրաքվեի ընթացքում որոշում է ընդունվել նախագահի լիազորությունների ժամկետը 5-ից երկարացնել մինչեւ 7 տարի:


Source: Yerkir Media
Link: Ուզբեկստանի նախագահը հիվանդանոցում է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image