Պատահական չէ, որ Ֆրանսիայի իշխանությունները միշտ «լավ աչքով» են նայել հայ համայնքին․ Հարութ Մարտիրոսյան

Ֆրանսիայում ներկայում ապրում է մոտ 500 հազար հայ: Նրանք բնակվում են Ֆրանսիայի գրեթե ամբողջ տարածքում՝ Փարիզ, Մարսել, Լիոն, Վալանս, Կանն, Սեն Ռաֆայել, Լա Սիոտա և այլ քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը, եթե նախկինում հայերը կենտրոնացած էին խոշոր քաղաքներում, ապա այսօր այնպիսի վայրերում են բնակվում, որտեղ տարիներ առաջ հայեր չկային:

Ներկայում Ֆրանսիայում գործում է 7 ամենօրյա և շուրջ 40 կիրակնօրյա դպրոց: Հայկական դպրոցներ հաճախում է 1500 երեխա: Հարութ Մարտիրոսյանի խոսքով, նախատեսում են ավելացնել հայկական դպրոցներ հաճախող աշակերտների թիվը:

Հարութ Մարտիրոսյանը պատահական չի համարում այն, որ Ֆրանսիայի իշխանությունները միշտ լավ աչքով են նայել հայ համայնքին: Նրա խոսքով, բոլոր տարիներին հայ համայնքն աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ, դժվարին պահերին պետության կողքին է եղել: Հայերն աշխատող են, ձգտում են լավագույնը լինել տարբեր ոլորտներում:

«Հայ-ֆրանսիական բարեկամությունը տարեցտարի ամրապնդվում ու ընդլայնվում է: Հայ համայնքը մեծ դեր ունի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ամրապնդման գործում»,- հավելեց նա: Ընդգծելով, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ Հարութ Մարտիրոսյանն ավելացրեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը տնտեսության, մշակութային ոլորտներում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ:

 

Source: Yerkir Media
Link: Պատահական չէ, որ Ֆրանսիայի իշխանությունները միշտ «լավ աչքով» են նայել հայ համայնքին․ Հարութ Մարտիրոսյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image