Սարգսյանն ու Պուտինը շնորհավորել են միմյանց

August 29, 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ փոխանակվել են շնորհավորական ուղերձներով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«…Անցած ժամանակահատվածը վստահորեն փաստում է, որ պայմանագիրը համապատասխանում է եղբայրական ժողովուրդների պատմական ավանդույթներին:

…Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում:

Երկկողմ հարաբերությունների պատմության մեջ բազմաթիվ պայծառ էջեր կան գրանցված, և մենք բարձր ենք գնահատում այդ ընդհանուր ձեռքբերումը: Վստահ եմ, որ այս նշանակալի օրը և մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի ամբողջ հոբելյանական տարին կնշանանավորվեն բոլոր ուղղություններով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համատեղ ջանքերով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի տառին ու ոգուն համապատասխան:

Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ եղբայրական Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարօրություն և բարգավաճում»:

Վլադիմիր Պուտինն իր շնորհավորական հեռագրում ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների հին ու հարուստ պատմությունը, որի հիմքում մշտապես եղել են երկու երկրի ժողովուրդներին կապող բարեկամության ու փոխադարձ հարգանքի ամուր կապերը:

«1997 թվականի պայմանագիրը Ռուսաստանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների ժամանակակից փուլի սկիզբն է դրել: Նման կարևոր փաստաթղթի ստորագրումը պայմաններ է ստեղծել քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության որակական աճի համար»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Source: Yerkir Media
Link: Սարգսյանն ու Պուտինը շնորհավորել են միմյանց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image