Սպիտակցիների կոմունալ վճարները կնվազեն էներգախնայողության ծրագրի շնորհիվ

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի չորս բազմաբնակարան շենքերում առաջիկայում հնարավոր կլինի ապահովել մինչև 20% էներգախնայողություն: Որպես Քաղաքապետերի դաշնագրի անդամ՝ Սպիտակն իր վրա պարտավորություն է վերցրել մինչև 2020թ. ածխաթթու գազի արտանետումները նվազեցնել 20%-ով: Այդ նպատակին հասնելու համար կարևորվում է մաքուր, անվտանգ և վերականգնվող էներգիայի կիրառումը:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի շրջանակում Սպիտակի 4 շենքերում ներկայում կատարվում են էներգախնայողությանն ուղղված շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է այդ շենքերի տանիքների վերանորոգում և ձեղնահարկի հատակի ջերմամեկուսացում, գլխավոր մուտքերի փայտե դռների վերանորոգում, շենքերի ետնամուտքի ոչ պիտանի փայտե դռների փոխում մետաղապլաստե դռներով, ինչպես նաև գլխավոր մուտքերում նոր մետաղապլաստե դռների տեղադրում:

ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանի խոսքով՝ առաջին փուլի շենքերիշինարարական աշխատանքներն ըստ ժամանակացույցի կավարտվեն մինչև ընթացիկ տարվամայիսի 10-ը: Ըստ նրա՝ մյուս ձմռանը բնակիչներն արդեն իսկ կզգան էներգախնայողությանազդեցությունը՝ ավելի քիչ վճարելով բնակարանների ջեռուցման համար:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ իրականացնել Սպիտակի 27 բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև քաղաքի թիվ 2 մանկապարտեզում՝ փոխելով բոլոր լուսատուները էներգախնայող լամպերով և խոհանոցում ու սանհանգույցներում տեղադրելով նոր արդյունավետ ջրատաքացուցիչներ:

Սպիտակի բազմաբնակարան շենքերը հիմնականում կառուցվել են 1988թ. երկրաշարժից հետո, սակայն էներգախնայողության նորմերը հաշվի չեն առնվել: Սպիտակի քաղաքապետարանի Քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Կարեն Հայրապետյանի խոսքով՝ քաղաքում բազմաբնակարան շենքերի հիմնական խնդիրը տանիքների, շքամուտքերի, ջրհորդանների անմխիթար վիճակն է: Ըստ նրա՝ Հաբիթաթ Արմենիայի կողմից իրականացվող ծրագիրը կնպաստի այդ խնդիրների լուծմանը նշված 27 շենքերում:

Սպիտակի բնակիչները ևս ոգևորված են ծրագրի իրականացմամբ և իրենց կենսապայմաններում դրական տեղաշարժի ակնկալիքներ ունեն: Թիրախային շենքերից մեկի 1-ին հարկի բնակիչ Արթուր Հայրապետյանն, օրինակ, անհամբերությամբ սպասում է մուտքի դռների տեղադրմանը՝ հուսալով, որ իրենց բնակարանում ավելի տաք կլինի և ստիպված չեն լինի ամբողջ ընտանիքով ձմռանը մեկ սենյակում հավաքվել՝ առավել քիչ կոմունալ վճարներ ունենալու համար:

4-րդ հարկի բնակիչ Սիրանուշ Գրիգորյանի խոսքով՝ թեև բնակարանը նոր են վերանորոգել, անբարեկարգ տանիքն անձրևների ու ձյան հալոցքի ժամանակ խնդիրներ է առաջացնում: Նա հույս ունի, որ ծրագրի շրջանակում տանիքների վերանորոգումից հետո իրենց բնակարանում կվերանա ջրի ներհոսքը և ավելի տաք ու հարմարավետ կլինի:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ՝ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների և արևայինէներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն Եվրոպական միության Քաղաքապետերիդաշնագրի ներքո իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների:

Ծրագիրն իրականացվում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի կողմից՝Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Վայքի ու Սպիտակի քաղաքապետարաններիհամաֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակում էներգաարդյունավետությանն ուղղվածմիջոցառումներ են իրականացվելու Սպիտակի 27 և Վայքի 18 բազմաբնակարան շենքերում:

 

Source: Yerkir Media
Link: Սպիտակցիների կոմունալ վճարները կնվազեն էներգախնայողության ծրագրի շնորհիվ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image