Վարչապետ․ «Պետք է հասնենք նրան, որ ՀՀ քաղաքացին լինի բարձրագույն իշխանությունը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի լույս 21-ի կեսգիշերին ուղիղ տեսակապով ելույթ է ունեցել Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը:

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը հայության սոցիալական, տնտեսական, ֆինանսական, գիտական ներուժի կամ դրա զգալի մասի՝ իր տարածքում կենտրոնացնելն ու այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելն է: «Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է, Հայաստանը դարձնել մի պետություն, որն ուղղված է հայության ներուժի պահպանմանը և նրա բնականոն գործունեության ապահովմանը: Այս նպատակին հասնելու համար պետք է հասնենք նրան, որ ՀՀ քաղաքացին լինի բարձրագույն իշխանությունը: Սա պետք է լինի Հայաստանի ապագայի անկյունաքարը»,-ասել է ՀՀ վարչապետը:

Նա ավելացրել է նաև, որ նոր ձևավորված կառավարության առաջնային խնդիրն է դառնալ ժողովրդի ինստիտուցիոնալ իշխանության երաշխավորը:

Անդրադառնալով սփյուռքի պարագային՝ վարչապետը նկատել, որ այստեղ ներգրավվածության խնդիրը երբեմն Մայր օրենքում ամրագրված դրույթներով է պայմանավորվում: «Սահմանադրությամբ ասվում է, որ օրինակ նախարար կարող  է նշանակվել այն մարդը, ով վերջին 4 տարում եղել է միայն ՀՀ քաղաքացի ու 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում: Մենք կարծում ենք, որ այս կարգավորումը չի արտահայտում մեր ազգային ձգտումները և այն ստեղծում է արհեստական խոչընդոտներ սփյուռքի ներգրավվածության համար: Մենք մտադիր ենք այս արգելքները վերացնել, որպեսզի սփյուռքի ներուժը կարողանանք օգտագործել պետական ինստիտուտների կայացման գործընթացում»,-վստահեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Source: Yerkir Media
Link: Վարչապետ․ «Պետք է հասնենք նրան, որ ՀՀ քաղաքացին լինի բարձրագույն իշխանությունը»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image