Վարչապետ. Ենթավարձակալությունը վարձակալությունից թանկ է
August 10, 2017
Կառավարության այսօրվա նիստը, սովորականի պես, սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով։
Ժամանակավոր խրախուսման մեխանիզմներ են հարկավոր գյուղատնտեսության ոլորտի համար, շեշտեց Կարեն Կարապետյանը։ Նա հանձնարարական է տվել աջակցման ծրագրեր ներկայացնել ոլորտի համար, մասնավորապես՝ մեկամսյա ժամկետում մաքսային վճարների արտոնություններ սահմանել։
Դեբեդի վրա նոր ՀԷԿ է կառուցվելու։ Հայեցակարգը կներկայացվի կառավարություն։ Հարցը նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։
Ենթավարձակալությունը վարձակալությունից թանկ է, նշեց վարչապետը՝ անդրադառնալով հավորդ հարցին։ Հայաստանի կառավարությունում պարզել են՝ պետական գույքը վարձակալության է հանձնվում ակնհայտորեն նվազ վարձավճարով: Ավելին, շատ հաճախ հանձնված գույքը ավելի բարձր գնով հանձնվել է ենթավարձակալության: Սա վարչապետի խոսքով, պայմանավորված է 2001 թ. ընդունված կարգով, շուկայական ու կադաստրային արժեքի անհամաչափությամբ: Ուստի գործող կարգը վերանայելու անհրաժեշտություն է նկատվում: Պետական գույքի կառավարման վարչության պետը, անշարժ գույքի կադասստրի պետական կոմիտեի նախագահը կվերանայեն օրենսդրական դաշտն ու առաջարկություններ կներկայացնեն:
Կառավարությունը նախատեսում է ժամանակավոր մաքսային արտոնություններ տրամադրել պետական աջակցության ծրագրերի շրջանակներում իրականացվող գյուղոլորտի զարգացման նպատակով ներկրվող սարքավորումներին: Վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով՝ ոռոգման կաթիլային համակարգի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման ու նախատեսվող մյուս ծրագրերի իրականացման համար ներկրվող սարքավորումները ժամանակավորապես հարկային արտոնություններ կստանան: