«Ժառանգությունը» երբեք չի փոխվել՝ անկախ նրանից պաշտոն ունեցել ենք, թե չենք ունեցել, խորհրդարանում եղել ենք, թե չենք եղել, մենք միշտ եղել ենք հայ ժողովրդի կողքին, հանիրավի բանտարկված հայրենակցի կողքին: Մեզ չի հրապուրում կամ զարմացնում մի պաշտոն, որպեսզի մենք գնանք ու ինչ-որ մի կոճակ սեղմենք»,-հունիսի 25-ին՝ «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարում հայտարարեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք իրավունք չունենք հույսը կտրելու, զիջելու, մենք այլևս զիջելու ոչինչ չունենք: Սա քաղաքական ուղղակի հրամայական է, որ մենք՝ հասարակությունը, քաղաքական ուժերը խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, պետք է միացնեն իրենց ուժերն ու կարողությունները ավելի լավ, զորեղ Հայաստան ունենալու համար: Հայաստան, որտեղ նվազագույնի է բերված անարդարությունը, աղքատությունն եւ արտագաղթը»,-ասաց «Ժառանգության» ղեկավարը։
Անդրադառնալով խորհրդարանական ուժերի հետ հավանական համագործակցությանը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «ԱԺ-ում ունենք իշխանական կոալիցիա եւ երկու ընդդիմադիր խմբակցություն։ Նրանք, որոնք դեմ քվեարկեցին կոալիցիայի կառավարության ծրագրին, պիտի համարենք ընդդիմություն եւ համագործակցենք նրանց հետ։ Պետք է նրանց ձեռք մեկնենք, հրավիրենք՝ մեծամտությունից դուրս, կոճակ սեղմելուց դուրս: Թող հասկանան, որ ժամանակավոր է այդ ամենը»:
«Ժառանգության» համագումարին ներկա են եղել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը։
Source: Yerkir Media
Link: Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք այլևս զիջելու ոչինչ չունենք