Օտարերկրյա ներդրումները Հայաստանում ավելացել են. Գերմանիան, Կանադան ու Լիբանանը խոշոր ներդրողներից են
August 2, 2017
Ներդրումային դաշտի օրենսդրական բարեփոխումները, միջազգային հարթակներում երկրի ճանաչելիության բարձրացումը նպաստել են Հայաստանում օտարերկրյա ներդրումների հոսքի ավելացմանը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանում 2017-ի առաջին եռամսյակում ավելացել է մոտ 4.84 մլրդ դրամով՝ կազմելով ընդհանուր մոտ 19.7 մլրդ դրամ: Պաշտոնական տվյալներով՝ առաջին եռամսյակում առավել շատ ներդրումներ եղել են տեղեկատվության և կապի, մշակող արդյունաբերության, հանքարդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանն ասաց, որ վերջին տարիների ամենախոշոր ներդրողներն են Գերմանիան, Կանադան, Լիբանանը, Ֆրանսիան, Կիպրոսը, Արգենտինան, Ռուսաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներքին մոնիտորինգի տվյալների` 2017-ի առաջին 6 ամիսների դրությամբ՝ իրականացվում է 66 ծրագիր՝ շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր ներդրումներով, որոնք կստեղծեն 7140 նոր աշխատատեղ: Ներդրումների մեծ մասն իրականացրել են օտարերկրյա ներդրողները: