Ֆիննախը հերքում է կադրային փոփոխությունների մասին լուրերը

May 15, 2018

ՀՀ ֆինանսների նախարարությունը հերքում է հայկական «Ժամանակ» օրաթերթի հրապարակած տեղեկությունն այն մասին, թե իբր նախկին նախարար Վարդան Արամյանը կոչ է արել նախարարության աշխատակիցներին իր օրինակով աշխատանքից ազատման դիմումներ գրել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

««Ժամանակ» թերթից տեղեկանում ենք, որ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը կոչ է արել իր ղեկավարած հաստատության աշխատակիցներին իր օրինակով աշխատանքից ազատման դիմումներ գրել և վստահեցրել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ շուտով ձախողվելու է, և իրենք 2-3 ամսից վերադառնալու են իրենց առօրյա աշխատանքին:

Ի գիտություն. բացի ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանից՝ որևէ աշխատակից աշխատանքից ազատման դիմում չի գրել:

Ավելին, իշխանության փոփոխությամբ պայմանավորված՝ նախարարության աշխատակազմում ոչ միայն չկան կադրային փոփոխություններ, այլև չկան գործառույթների իրականացման շեղումներ: Լուրը դուրս է տրամաբանությունից նաև այն պատճառով, որ նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարարն է, ով իրականացրել է  իր գործառույթները հենց Արամյանի պաշտոնավարման ընթացքում:

Հայտնում ենք, որ առնվազն տարակուսած ենք թերթի նման լուրից, ինչն ամբողջությամբ ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև զրպարտություն է և առնվազն անբարեխիղճ լրագրողի անհասկանալի միտում»,-նշված է նախարարության պարզաբանման մեջ:

Source: Yerkir Media
Link: Ֆիննախը հերքում է կադրային փոփոխությունների մասին լուրերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image