«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանին դաժան ծեծի են ենթարկել

August 5, 2016

Երեկ գիշեր երեք անծանոթների կողմից դաժան ծեծի ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանի առողջական վիճակը նորմալ է, նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Քանի որ երիտասարդը քնած էր, Tert.am-ին մանրամասներ փոխանցեց տուժածի հայրը` Կարեն Աղլամազյանը:

Նա պատմեց, որ հարձակվողների դեմքերը թե՛ ինքը, թե՛ որդին տեսել են, բայց անծանոթներ են եղել:

«Քանի որ ինքը պետք է ուշ գար, ես ասացի՝ գնամ իրեն դիմավորեմ։ Մեքենայով իջավ, մոտեցանք մեր շենքին, եկան, խոսակցություն բացեցին աղջկա հետ կապված, յանի… Դե մի բանից պետք է սկսեին… ու միանգամից կպան… Ես մեկին էի քաշում էի, մյուսն էր խփում, հետո էն երկուսը… Ես էլ չգիտեի՝ ինչ անել»,-պատմեց հայրը:

Հիշեցնենք, որ գիշերը «Հիմնադիր խորհրդարանը» տեղեկացրել էր, որ օգոստոսի 4-ին աշխատավայրից որպես վկա Քննչական կոմիտե բերման ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանն իրենց տան բակի դարպասների մոտ դարանակալած երեք տղամարդու կողմից հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել։

Հարություն Աղլամազյանը, ով երեկ տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, նույն գիշեր դուրս է գրվել հիվանդանոցից` այնտեղ մանրազնին հետազոտության ենթարկվելուց հետո. երիտասարդն անցել է մարմնի և գլխի ամբողջական համակարգչային տոմոգրաֆիա:

«Այնտեղ վիրաբույժը նայեց, «կա-տե» արեցին, ասացին՝ ջարդած բաներ չկան… չնայած ինքը վատ էր զգում, ցավեր ուներ: Բայց հետո բժիշկներն ավելի մանրակրկիտ կնայեն»,-ասաց երիտասարդի հայրը:


Source: Yerkir Media
Link: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանին դաժան ծեծի են ենթարկել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image