Օգոստոսի 6-ից Հայաստանի քաղաքացիներն ունեն ընտրության հնարավորություն՝ կենսաչափակա՞ն, թե հին նմուշի անձնագի՞ր: Ազգային ժողովն իր վերջին արտահերթ նստաշրջանում փոփոխություն կատարեց «Քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտի մասին» օրենքներում:
Շուրջ 3 տարի առաջ օրենսդիրը որոշել էր, որ 2014 թվականի հունվարի մեկից նոր անձնագիր ստանալու դեպքում քաղաքացիներին պարտադիր տրվելու է կենսաչափական անձնագիր, ներդրվեց նաեւ նույնականացման կամ ID քարտը: 2 փաստաթղթերն էլ էլեկտրոնային կրիչ` չիպ ունեն, որը պարունակում է քաղաքացու անձնական տվյալները:
Մի շարք քաղաքացիներ հայտարարեցին, որ հրաժարվում են վերցնել նոր ներդրված փաստաթղթերը, որովհետեւ այն հակասում է իրենց կրոնական համոզմունքներին:
«Սոցքարտերի նման նույնականացման քարտերի մեջ արդեն չիպ կա: 3-րդ փուլը նա է, որ չիպը տեղադրվի քո մարմնի մեջ: Վերջացավ»,- ասում էր Խաչիկ Ստամբուլցյանը:
Այս հարցով դեռ 2014 թավականից մի խումբ քաղաքացիներ ու հասարակական կազմակերպություններ դիմեցին Մարդու իրավունքների պաշտպանին: ՄԻՊ-ն էլ իր հերթին դիմեց Սահմանադրական դատարան: 2015-ի դեկտեմբերի 8-ին դատարանը որոշեց, որ հակասահմանադրականության խնդիր չկա, բայց իրավական դիրքորոշում ներկայացրեց:
«Պետք է այնպիսի լուծում տալ, որը բոլորի կրոնական համոզմունքներին համապատասխան լինի: Այսինքն՝ հաշվի առնել բոլորի կրոնական համոզմունքները, որպեսզի երկընտրանքի առաջ չկանգնի: Մի կողմից` կրոնի իրավունքը, մյուս կողմից` այն իրավունքները, որոնք կապված են անձնագրի բացակայության կամ առկայության հետ»,- մեկնաբանել է ՄԻՊ աշխատակազմի Իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանը:
Մինչեւ վերջնական լուծում գտնելը, միջանկյալ լուծում տրվեց: Մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը քաղաքացիները ցանկության դեպքում կարող են ստանալ հին նմուշի անձնագիր: Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ասում է, որ քաղաքացիների մտահոգություններին ծանոթ էին մինչ օրենքի ուժի մեջ մտնելը, բայց կարծում էին, որ ընթացքում կկարողանան ներկայացնել կենսաչափական անձնագրի առավելությունները ու համոզել նրանց:
Խոստովանում է՝ չհաջողվեց, անձնագրից եւ նույնականացման քարտից հրաժարված միայն մեկ քաղաքացու կարողացան համոզել:
Ի դեպ, հունվարի մեկին ավարտվում է անձնագրերն ու քարտերն արտադրող լեհական կազմակերպության հետ պայմանագիրը, որը չի երկարացվելու: Հարցին, թե արդյոք օրենքը փոփոխվել է նաեւ նաեւ մատակարարվող փաստաթղթերի ոչ բավարար քանակության պատճառով, Մնացական Բիչախչյանն ասաց, որ այս առումով խնդիր չկա.
«Մենք լեհական կողմի հետ արդյունավետ աշխատել ենք, որեւէ խնդիր չենք ունեցել, այժմ էլ չկան խնդիրներ, ուղղակի քանի որ միջազգային հարաբերությունների զարգացմանը զուգահեռ ավելի նոր փաստաթղթեր են ներդրվել՝ առավել պաշտպանված, դիմացկուն, մենք նույնպես նախատեսոիմ ենք հետագայում նոր մրցույթ հայտարարել եւ նոր պայմաններ առաջարկել, օրինակ՝ բիոմետրիկ անձնագրի լուսանկարող էջը նախատեսենք պլաստիկ, որն ավելի դիմացկուն է»:
Մինչ օրս կենսաչափական անձնագիր ստացել է մոտ 300 հազար քաղաքացի: Դրա համար նրանք վճարել են 25 հազար դրամ, գումարած՝ 3 հազար դրամ նույնականացման քարտի համար: Օրենքի փոփոխությունից հետո կենսաչափական անձնագրեր ունեցողները սկսեցին դժգոհել՝ ինչո՞ւ իրենց պարտադրեցին վճարել 28 հազար դրամ, եթե կարելի է ստանալ հին նմուշի անձնագիր ընդամենը 1000 դրամով:
«Թյուր են այն կարծիքները, որ պետությունն այս պրոեկտից շահույթ է ստանում: Ո՛չ, պետությունը շահույթ չի ստանում, ստացված գումարը վճարվել է կապալառու կազմակերպությանը»,- ասում է Մնացական Բիչախչյանը:
Արժեքի մեծ տարբերությունը եւս կարող է որոշիչ լինել հին եւ նոր անձնագրերի միջեւ ընտրության հարցում: Անհրաժեշտ է հստակ սահմանել՝ ի՞նչ սկզբունքով է որոշվելու, որ անձը հրաժարվում է անձնագրից կրոնական հիմնավորմամբ: Խնդրին վերջնական լուծում գտնելը դժվար է լինելու, հատկապես, որ նման միջազգային փորձ չկա՝ վստահ է ՄԻՊ իրավական վերլուծության վարչության պետը:
«Շատ դժվար է օրենքում այնպիսի ձեւակերպում տալ, որը ոչ խտրական մոտեցում ցուցաբերի ու նաեւ ֆիքսի այն պահը, երբ քաղաքացին կհրաժարվի նույնականացման քարտից՝ կրոնական համոզմունքներից ելնելով՝ հաշվի առնելով այն, որ կենսաչափական անձնագրերն ավելի թանկ են, քան՝ հին տիպի անձնագիրը: Եթե չլինեն չափորոշիչներ, ավելի ցանկալի կդառան հին նմուշի անձնագիր ստանալ»,- նկատում է Լուսինե Սարգսյանը:
Անձնագրերի եւ վիզաների վարչության պետն ասում է, որ եթե մինչեւ 2019 թվականը կրոնական գործոնով պայմանավորված խնդիրների համար վերջնական լուծում չգտնվի, հին նմուշի անձնագրեր ստանալու ժամկետը կերկարացնեն:
Source: Yerkir Media
Link: Օգոստոսի 6-ից ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրության հնարավորություն՝ կենսաչափակա՞ն, թե հին նմուշի անձնագի՞ր