Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո Հայաստանն արդեն 3 միլիոն ժողովրդով պետություն չէ, այլ մեծ շուկայի մաս, որն ունի 200 միլիոն մարդկանցով տարածք: Այդ մասին Նյու Յորքում կայացած «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» ներդրումային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Հայաստանում` որպես ԵԱՏՄ անդամպետությունում ներդրում կատարելով՝ դուք դուրս եք գալիս հսկայական տարածք, որտեղ գործում են չորս հիմնական «ազատություններ»` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ»,- ինչպես տեղեկացրին Եվրասիական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ասել է Տիգրան Սարգսյանը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի խոսքով` չնայած նրան, որ վերջին շրջանում ԵԱՏՄ անդամպետություններում քիչ աշխատանք չի տարվել այդ չորս «ազատությունների» ապահովման համար, դեռևս կա անելու շատ բան, որպեսզի դրանք վերջնականապես ներդրվեն միության ողջ տարածքում: Սակայն, ինչպես շեշտել է Տիգրան Սարգսյանը, անդամ 5 պետություններն ունեն վճռականություն` ԵԱՏՄ-ն դարձնելու լիարժեք ու ժամանակակից տնտեսական միավորում:
Սարգսյանի խոսքով` ԵԱՏՄն հանդիսանում է երիտասարդ ինտեգրացիոն միություն, որում նորմերը և օրենքները գտնվում են ակտիվ մշակման և ներդրման փուլում: «Դրա հետ կապված` ներդրողները կարող են իրենց հետ բերել փորձ և լավագույն պրակտիկան` այդ նորմերի մշակման գործընթացում»,- ասել է նա: Տիգրան Սարգսյանը շեշտը դրել է նրանում, որ ԵԱՏՄ-ն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական միավորում է՝ բաց համագործակցության համար յուրաքանչյուր երկրի հետ: «Մենք պաշտպանում ենք ավելի լավ փոխգործակցությունը, մենք չենք փակում, այլ բացում ենք շուկաներ, քանի որ մեր առջև ծառացած գլխավոր խնդիրն է`բարելավել մեր երկրների քաղաքացիների կյանքի որակը»,- ընդգծել է Սարգսյանը:
Source: Yerkir Media
Link: Տիգրան Սարգսյան՝ ԵԱՏՄ-ն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական միավորում է