Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, պատրաստվել է ուսանողական-երիտասարդական առանձին նախընտրական ծրագիր, որն արդեն ներկայացվել է հանրությանը։
Այսօր կայացած շնորհանդեսին, ՀՅԴ երիտասարդական ուսանողական նախընտրական շտաբի ներկայացուցիչ Գեւորգ Ղուկասյանը շեշտել է, որ նման առանձին ձեւաչափը պատահական չէ։ Ի վերջո կրթական, ուսանողական ոլորտի նկատմամաբ Դաշնակցությունն ունի առանձնահատուկ վերաբերմունք։ Շատ ծրագրեր այդ ոլորտում կյանքի են կոչվում հենց դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանի նախաձեռնությամբ։ ՈՒսանողության ներկայացրած ծրագրի մեջ ներառված են գիտա-կրթական խնդիրներ, որոնք առնչվում են նաեւ ուսանողի զբաղվածությանն ու աշխատանքի տեղավորմանը:
«Ծրագրի գաղափարական հենքը հենց նա է, որ մենք այնքան ենք կարեւորում երիտասարդության եւ ուսանողության ներգրավվածությունն ու նրանց առնչվող խնդիրների ուշադրության դարձումը, որ այս քարոզարշավին առանձին ծրագրով ենք հանդես գալիս: Մենք ունենք առանձին նախընտրական քարոզչական ծրագիր, որտեղ ներկայացված են ուսանողության առջեւ ծառացած հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ կան կոնկրետ առաջարկներ: Խնդիրների լուծումը կարեւորելով, որպես նոր սկզբի համար կենսական նշանակություն եւ անհրաժեշտություն, մենք որոշեցինք նոր սերունդը կապել նոր սկզբին ու այդպես իրականացնել քարոզարշավը»,- նշեց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության երիտասարդական ուսանողական նախընտրական շտաբի ներկայացուցիչ Գեւորգ Ղուկասյանը:
«Նոր սերունդ, արդար Հայաստան» կարգախոսով առաջնորդվող ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ներկայացուցիչներն այսօր հանդիպել են տարբեր համալսարանների ուսանողության հետ` կրթությանն առնչվող իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելու նպատակով:
Փաստաթղթին արդեն ծանոթացած ուսանողները հատուկ կարեւորել են բուհերի ֆինանսատնտեսական գործունեության թափանցիկությանը, ուսման վարձերի նոր մեթոդաբանությանը, ինչպես նաեւ ուսանողի ֆինանսական վիճակի գնահատման չափանիշների եւ կարգի մշակմանը առնչվող կետերը։
«Իմ կողմից ուշադրություն գրավեց ուսումնական ֆինանսական գործունեության թափանցիկության հարցը, ինչը շատ կարեւորում եմ, քանի որ ներկայումս բուհերում ուսանողներին տեղեկացված պահելու մեծ խնդիր կա: Հաճախ ուսանողները չեն դիմում նման ծրագրերի` ոչ տեղեկացված լինելու պատճառով: Նման հանդիպումները շատ կարեւոր են ուսանողության համար: Սա հարթակ է՝ խնդիրները բարձրաձայնելու եւ լուծման ճանապարհներ գտնելու համար»,- հավելեց Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Լաուրա Ամբրոյանը:
Ուսանողական երիտասարդական շտաբն ունի ծավալուն ծրագիր, որն արդեն սկսել է կյանքի կոչվել։
Source: Yerkir Media
Link: Դաշնակցության ուսանողական-երիտասարդական նախընտրական ծրագիրը ներկայացվեց հանրությանը