Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայմանը:
Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը` ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետն առողջապահության նախարարին հանձնարարեց կարճ ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները.
«Պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում 2017 թվականից պետք է ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմները:
Կատարել թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն՝ հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը և Կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն»,- հանձնարարեց վարչապետը։