«Պարոն Առաքելյան, ՊԵԿ-ին ներկայացնում եք մեր արտահանողների ցուցակը». վարչապետ
September 7, 2017
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի ավանդական դարձած հանձնարարականներից առաջինն առնչվում էր գինեգործության ու խաղողագործության ոլորտի արտահանումների ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետին: Նա նշեց, որ գործող կարգավորումների համաձայն՝ արտադրանքի արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձը իրականացվում է 90-օրյա ժամկետում։ Կարապետյանը նշեց, որ կառավարությունում կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ հանդիպմանը բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ԱԱՀ հետվերադարձման ժամկետի ընդհանուր տևողության հարցը։
Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահին հանձնարարեց 2-օրյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություն խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ԱԱՀ վերադարձն ավելի կարճ ժամկետում սահմանելու ու կազմակերպելու վերաբերյալ:
«Պարոն Առաքելյան, ՊԵԿ-ին ներկայացնում եք մեր արտահանողների ցուցակը», — դիմելով գյուղնախարարին՝ ասաց վարչապետը:
Կարապետյանը ՊԵԿ նախագահի Վարդան Հարությունյանին հանձնարարեց հատուկ ռեժիմի անցնել մթերման այս ժամանակահատվածում: Վարչապետը հիշեցրեց, որ ստեղծել են գյուղացիների համար 3 տոկոսանոց դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումը անցկացվի մաքսիմալ արագ և էֆեկտիվ։