Բարձրագույն կրթության ոլորտում արմատական փոփոխություններ են սպասվում

January 24, 2018

Բարձրագույն կրթության ոլորտում 2018 թվականին կառուցվածքային, կառավարչական և մի շարք այլ փոփոխություններ են իրականացվելու։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։

«Բարձրագույն կրթության առաջիկա մարտահրավերներից է «Բարձրագույն  կրթության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նոր ակտերի ընդունումը: Նախատեսվում է իրականացնել բարձրագույն կրթության  բարեփոխումներ` մասնավորապես կառուցվածքային, կառավարչական, ֆինանսավորման, ընդունելության, դասավանդման և բովանդակության որակի, կրթություն-գիտություն և տնտեսություն կապի, կրթության միջազգայնացման և այլնի ուղղությամբ»,- նշում են նախարարությունից։

Բուհերի ֆինանսական կառավարման գործառույթները գիտական խորհրդից անցնելու են կառավարման խորհրդի, բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգն ավելի է կատարելագործվելու և գործարկվելու է՝ բուհական և ազգային մակարդակներում։ Այսուհետ լինելու է պաշտոնական տեղեկատվության տրամադրում (վիճակագրություն, հաշվետվություն, այդ թվում գործունեության հիմնական ցուցանիշներ և այլն)՝ բարձրագույն կրթության և հետազոտությունների համակարգի կառավարման և մշտադիտարկման մասին։

«Բարձրագույն  կրթության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության բնագավառում կրթության կազմակերպման, իրավակազմակերպական, ֆինանսական հարաբերությունների հստակեցմամբ, անկախ բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպաիրավական ձևից ու կարգավիճակից, նրանց ակադեմիական, կառավարման, ֆինանսական հարաբերությունների ընդհանուր սկզբունքների, պայմանների և պահանջների հստակ սահմանման և ապահովման, ինչպես նաև՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող «Կրթության մասին» և  «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում առկա հակասությունների կարգավորման անհրաժեշտությամբ:

Source: Yerkir Media
Link: Բարձրագույն կրթության ոլորտում արմատական փոփոխություններ են սպասվում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image