ԱՄՆ Պետքարտուղարությունն այսօր կրկին Ռուսաստանին մեղադրել է քիմիական զենքի կիրառման պատասխանատվությունից Սիրիայի իշխանությունններին «ազատելու» համար:
«Նախորդ ամիս պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Փարիզում ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Արևելյան Գուտայում զոհերի և քիմիական զենքի կիրառումից տուժած բազմաթիվ սիրիացիների համար։ Պաշտպանելով Ասադի ռեժիմին՝ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները»,- նշվում է պետքարտուղարության հայտարարության մեջ:
Դրանում արտահայտվում են նաև Վաշինգտոնի մտահոգությունները՝ կապված « սիրիական ռեժիմի կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման առնչությամբ, այս անգամ՝ Իդլիբի նահանգի Սարակեբ շրջանում»:
«Սա արդեն վեցերորդ հարձակումն է, որի մասին հաղորդվում է վերջին 30 օրերի ընթացքում: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը իր ձայնը բարձրացնել և օգտագործել բոլոր հնարավորությունները Ասադի ռեժիմի և նրա կողմնակիցների վրա ճնշում գործադրելու համար՝ քիմիական զենքի կիրառումը կասեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշվում է փաստաթղթում:
Սրան ի պատասխան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի իշխանություններին քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրելու ԱՄՆ-ի փորձերը հիմնված են սոցցանցերից ստացվող խոսակցությունների և գրոհայինների վկայությունների վրա, որոնք և ոչ մի անգամ փաստերով չեն հաստատվել:
Սիրիայի ԱԳՆ-ն էլ անհիմն է որակել ԱՄՆ-ի կողմից հնչող մեղադրանքները Արևելյան Գուտայում քիմիական զենքի կիրառման հետ կապված և դատապարտել նման հայտարարությունները:
Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նա կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին՝ մի կողմ դնել տարաձայնությունները եւ միասնական մոտեցում ցուցաբերել՝ Սիրիայում քիմական զենքի կիրառման մեղավորներին գտնելու համար։
Source: Yerkir Media
Link: ԱՄՆ պետդեպը մեղադրում է Դամասկոսին եւ Մոսկվային՝ քիմիական հարձակումների համար