Հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ. Կարեն Կարապետյան
February 15, 2018
Վարչապետի այսօրվա հանձնարականն առնչվում էր բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին: Կարեն Կարապետյանն ասաց, որ սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության ու արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարություն ունի բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովը։ Նա ընդգծեց` չնայած նախկինում ձեռնարկած որոշ միջոցների` ներկայումս գործող կարգավորումները, ինչպես նաև նշված հանձնաժողովնրի արդյունավետությունն անբավարար են: «Հանձնաժողովների գործունեության մեջ նվազագույնի հասված չէ սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ, լիարժեք չէ հաշմանդամության գործընթացի կազմակերպման ու մոնիթորինգային համակարգը», — ասաց Կարապետյանը:
Վարչապետը Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ` հստակ անդրադարձ կատարելով փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինգային համակարգի ու բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայման ոլորտային պատասխանատվության շրջանակի հստակեցմանը, ինչպես նաև գործընթացի թվայնացման ու էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցման հարցերին: «Նախնական մենք քննարկել ենք սա սոցապ նախարարի ու առողջապահության նախարարի հետ, այն ուրվագիծը, որ իրենք առաջարկում են, պրինցիպիալ, որակապես փոխելու է այդ ոլորտը, այնպես որ` մեկ ամսվա ժամկետի մեջ վստահ եմ, որ կստանանք նոր խաղի կանոններ», -եզրափակեց Կարեն Կարապետյանը: