Ժամկետային զինծառայողների ծնողները մեկնել են տեսակցելու իրենց որդիներին

 

Սահմանամերձ գոտիներում ծառայող շուրջ 1700 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013-ից մեկնարկած այս ծրագրով ավելի քան 9.000 երեւանաբնակ ծնող հնարավորություն է ունեցել այցելել իր զավակին: Ծնողներին ճանապարհել են քաղաքապետն ու պաշտպանության նախարարը:

«Մեր նախաձեռնությամբ իրականացվող ամենատարբեր ծրագրերի շարքում առանձնակի կարևոր տեղ են զբաղեցնում բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ծրագրերը: Երևանաբանակ զինծառայողների ծնողներին տարեկան առնվազն երկու անգամ սահմանամերձ զորամասեր ուղեկցելու արդեն ավանդույթ դարձած մեր այս ծրագիրը, որն իրականացնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, բավական մեծ դրական արձագանքի է արժանացել ինչպես մեր բնակչության, այնպես էլ զինված ուժերի հրամանատարության կողմից:

Եթե նախորդ այցի ժամանակ ծրագրին մասնակցելու ցանկություն էին հայտնել շուրջ 1200 ծնողներ, ապա այս անգամ շուրջ 1700 ծնողների ենք ուղարկում սահմանամերձ զորամասերում իրենց զավակներին տեսակցության: Բացի սոցիալականից, սա նաև կարևոր նշանակություն ունի այն առումով, որ մեր զինվորը հստակ տեսնում է, որ հայրենիքը, հարազատ քաղաքը, որի պաշտպանության համար ծառայում է, իր հետ է, իր կողքին: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես շարունակելու է լինել բանակի, մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին»,- ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին այս նախաձեռնությունը պարբերաբար կյանքի կոչելու համար: Մեր քաղաքականությունն է, որ ծառայության ընթացքում զինծառայողներն առավելագույնս հնարավորություն ունենան ավելի հաճախ իրենց ընտանիքի անդամների հետ հանդիպելու թե իրենց արձակուրդների, թե դեպի իրենց ծառայության վայր, իրենց ծնողների մեկնելը կազմակերպելու միջոցով: Պաշտպանության նախարարությունն այդպիսի բազմաթիվ հնարավորություններ է փորձում գտնել, և Երևանի քաղաքապետարանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ մեծ հետևողականությամբ այս ծրագրին հետամուտ են լինում, որը տալիս է շատ դրական արդյունքներ», — նշել է Վիգեն Սարգսյանը:

Source: Yerkir Media
Link: Ժամկետային զինծառայողների ծնողները մեկնել են տեսակցելու իրենց որդիներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image