Կառավարության այսօրվա նիստը սովորականի պես սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով։
Անտառների կառավարման և պահպանման արդյունավետության բարձրացման և առկա խնդիրների լուծման նպատակով ավելի վաղ տրվել էր համապատասխան հանձնարարական։
Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը, մյուս կողմից վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել են բնափայտի մթերման օրինական ծավալները:
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները և դրանց լուծման հրատապությունը, ՀՀ վարչապետը հանձնարարել է բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին՝
1) Շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին, միաժամանակ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը:
2) 10-օրյա ժամկետում` համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված և օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա:
3) 2-ամսյա ժամկետում` համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր:
«Պետք է հաշվի առնել ռեալ շուկայի ծավալները, գնահատելով ստվերը, պետք է «Հայանտառ» ձեռնարկությունում բարեփոխումներ կատարել, տրամաբանական չափով լեգալիզացնել անտառահատումները, ֆինանսական միջոցներ ուղղենք «Հայանտառ», որպեսզի պատրաստված լինեն գույքով և անհրաժեշտ գործիքներով, որպեսզի հսկողությունը սահմանեն մաքսիմալ կոշտ»,-եզրափակել է Կարեն Կարապետյանը։:
Source: Yerkir Media
Link: Վարչապետ. «Տրամաբանական չափով պետք է լեգալիզացնել անտառահատումները»