Ամբողջ Հայաստանից 1.200 երեխա մասնակցել է հարցմանը, որի նպատակն էր ուսումնասիրել հանրային ու համայնքային կյանքում երեխայի մասնակցությունը, նաեւ կրթության, առողջության եւ անվտանգության հիմնահարցերը, եւ պարզել իրենց ապագայի վերաբերյալ երեխաների ընկալումները, երազանքներն ու պատկերացումները:
Հարցման արդյունքները ներկայացվել են այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը՝ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի եւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համատեղ կազմակերպած միջոցառմանը:
10 երեխայից առնվազն մեկի հետ փորձել են կասկածելի կապ հաստատել առցանց, իսկ հարցված երեխաների, պատանիների 82 տոկոսը դրական է տրամադրված իր ապագայի հանդեպ:
«Save the children» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Մովսիսյանն ընդգծել է՝ յուրաքանչյուր թվի հետեւում իրական երեխաներ են, իրական ծնողներ եւ դեպքեր, հարցման գերնպատակն էլ՝ արձանագրված խնդիրներին լուծում տալն է:
Source: Yerkir Media
Link: 10 երեխայից առնվազն 1-ի հետ փորձել են առցանց կասկածելի կապ հաստատել. հարցում